Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

Քառօրյա պատերազմի զոհերը․ Յուրի Փարամազյան

 


Դժվար է գրել մեկի մասին, ում հետ մեծացել ես նույն թաղամասում, ով քեզ հետ անցել է դպրոց տանող նույն ճանապարհը, նայել դիմացի բլրակին, իսկ այսօր չկա։

Քառօրյա պատերազմի առաջին զոհերից է Յուրի Փարամազյանը։

Փարամազյանների գերդաստանը մեծ է, տոհմածառը փարթամ, տոնախմբությունները՝ միշտ մարդաշատ ու աղմկոտ։

Մոխրագույն դարպասից այն կողմ հիմա անսովոր լռություն է, տան բակին չսազող լռություն․․․

Բակը նորից մարդաշատ է, սակայն այս անգամ դեմքերը մտախոհ են, մռայլ։ Մարդիկ անձայն շատանում են, այնուհետեւ ցեխոտ ճանապարհով հասնում գերեզմանոց։ Յուրիի հավերժական օթեւանն արդեն այնտեղ է՝ փոքրիկ մի հողաթումբ ու արեւից տաքացած քարեր, որ կարծես նրա հոգու ջերմությունն են առել։

Յուրին ոչ գերազանցիկ էր, ոչ ոսկե մեդալակիր, ոչ «վեհ գաղափարակիր», ոչ էլ առանձնապես սեր ուներ ուսման հետ։

Մոր խոսքերով առաջին դասարանում մի օր պայուսակի մեջ տանձ էր տարել ու ուտում էր նստարանի տակ, երբ առաջին ուսուցչուհին «բռնացրեց», իսկ Յուրին ի պատասխան ընկեր Համզոյանին իր ունեցած միրգն առաջարկեց։

Հոգատար էր, բարբառով ասած՝ սըրտըհեռեչ, կամեցող ու կենսախինդ։

Մինչեւ կյանքի վերջին պահը սերժանտ Փարամազյանը հոգատար էր, այդպես հոգատարությամբ էլ հոգին ավանդեց՝ իր մարմնով մահը խլելով նորակոչիկ զինվորներից։

Կան մարդիկ, որոնց բացարձակապես չի սազում տխրությունը, Գայանեն՝ Յուրիի մայրը նրանցից մեկն է։

Զմրուխտե աչքերով այս կինն արցունքները շողացնելով պատմում է, որ ապրիլի 2-ին առավոտից մինչ կեսօր չկարողացան որդու հետ խոսել, զանգում էին՝ չէր պատասխանում։ Միայն երեկոյան իմացան, որ նա այլեւս չկա։

«Իրենց զորամասից զանգեցին, ասացին որ ձեր որդին հերոսաբար է զոհվել՝ իր մարմնով փրկելով երկու ծառայակիցների կյանքը»,- ասում է Գայանեն ու առողջություն մաղթում փրկված զինվորներին։

Վերջին անգամ մարտի 5-ին էր եկել տուն․ «Տխուր էր, ուզում էր մի քանի օր ավել մնալ, դժգոհում, որ 2 օրով արձակուրդը շատ քիչ է։ Դուրս եկավ, եղբոր մի քանի ամսական որդու համար մի քանի խաղալիք մեքենաներ վերցրած տուն եկավ»,- պատմում է Գայանեն։ Մոր այն հարցին, թե ինչու ես այդքան գնել, դեռ կհասցնես, Յուրին պատասխանեց․ «Այդպես ուզեցի, զորացրվեմ ավելի մեծերը կգնեմ, դեռ Դավիթին պիտի ման տալու տանեմ»։

Ինչպես բոլոր զինվորները հաշվում էր՝ քանի ամիս մնաց ծառայությանը․ «Ասում էի մի հաշվիր, քիչ մնաց, շուտով կգաս։ Ավագ եղբոր՝ Արսենի ծնունդին էր զանգել, բոլորդ հավաքվել եք, ես եմ բացակայում միայն, ասում էր, սա պիտի վերջին անգամը լիներ, որ բացակայում է ծնունդներից»,- լացը խեղդելով պատմում է Գայանեն։

Իր կյանքում շատ են եղել դեպքեր, որ ուրիշի մեղքը վերցներ, ուրիշի փոխարեն պայքարեր։

Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվեց Մարտունու արհեստագործական ուսումնարան, բայց, ինչպես մայրն է պատմում, հաճախ էր ավագ դպրոցում սովորող իր դասընկերների դասերին նստում։

«Հերթական անգամ ներկայացավ ուրիշ աշակերտի փոխարեն։ Ստուգողական էին գրել, ում փոխարեն ներկայացել էր՝ «2» էր ստացել ու բացակայում էր։ «2» ստացողի փոխարեն սկսեց հակաճառել Յուրին՝ ուսուցչից պահանջելով բացատրել, թե ինչու է «2» ստացել, ինքը լավ էր գրել»,- համադասարանցիներից լսած արկածն է պատմում Գայանեն։

Ունեցածը կիսում էր ընկերոջ հետ, մտածում ընկերոջ մասին։ Քույրերի խոսքով՝ վերջին շրջանում էլ պոստ չէր գնում Յուրին, ուշքն ու միտքը ընկերն էր․ «Միայն թե Վալոդիկը լավ լինի»։

Վլադիմիրն ու Յուրին համաքաղաքացի ընկերներ էին, ծառայել են նույն զորամասում, հոգիներն ավանդել նույն շաբթում։

Հերթական անգամ Վլադիմիրը պոստում էր, կապոց ստացավ քաղցրավենիքով, մրգերով։ Զանգեց տուն ճշտելու՝ մա՞յրն է ուղարկել ծանրոցը։

«Մայրն ասաց մատաղ, դե տնական մի բան էլ կուղարկեի, ինչ է գրված վրան, ո՞վ է ուղարկել։ Յուրին էր պոլկից պոստ ուտելիք ուղարկել»,-պատմում է Յուրիի մայրը։

Որդու հետ կապված բոլոր պլաններն ու երազանքները հօդս ցնդեցին․պիտի գար, մեքենա գներ, միանար հորն ու աշխատեին։ Հայրը դրամարկղ էր պահում՝ որդու անվամբ, պիտի գար իր ձեռքով բացեր։

«Դե Տոլիկն ասաց իր համար ենք հավաքել, ուրեմն իր համար էլ պիտի օգտագործենք՝ գերեզմանաքարը այդ գումարով կգնենք»,-այլեւս լացը չի զսպում մայրը։

Որդու սիրած հագուստն այնտեղ է՝ հողաթմբի տակ, իր տիրոջ կողքին։ Ոչինչ այլեւս չի հուշում նրա կենդանության մասին, էլ հետհաշվարկ չկա, 3 ամսից էլ Յուրին չի գա․․․

 Գայանեն երազներում որդուն ողջ է տեսնում, այս դաժան իրականությունը՝ մի անտանելի մղձավանջ, երազներում որդին իր գրկում է, իր տաք գրկում։

«Իրականության հետ կապողը միայն զանգի, ձայնի բացակայությունն է, որ չի զանգում՝ հիշում եմ, որ էլ չկա»,- ու զմրուխտե աչքերից նորից թափվում են արցունքները։

Հ․Գ․

Մեր թաղամասը նույնն է, դպրոց տանող ճանապարհը երբեմն դժվարանցանելի։ Մեր տներից երեւացող բլրակը նորից կանաչ, սակայն դու հուլիսին չես բոլորի քո 20 տարին։ Հերոսությունը ոսկե մեդալի, ավագ դպրոցի ատեստատի միջոցով չէ, որ փոխանցվում է, այլ հոգատարության։ Ուրիշին կենդանի վահան դարձած էությունդ է հերոս։ Ո՞վ կիմանար, որ մարտի 7-ին վերջին անգամ եմ տեսնում քեզ Յուրի եւ ի՞նչու պինդ-պինդ չգրկեցի քեզ․․․

 

 

 

 Մարիամ Սարգսյան

Հարցում

Ինչպիսի՞ն էր Ձեզ համար անցնող տարին:

Շատ լավ - 12.5%
Լավ - 21.9%
Բավարար - 15.6%
Վատ - 34.4%
Ոչնչով չի տարբերվել մյուս տարիներից - 15.6%
Դժվարանում եմ պատասխանել - 0%

Ընդամենը.: 32
Այս հարցման քվեարկությունն ավարտված է

Արխիվ

<< < Մարտ 2017 > >>
Երկ Երք Չոր Հնգ Ուր Շբթ Կիր
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31