Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

Չորս մահճակալ` 9 հոգու համար


Սեւումյանների բազմազավակ ընտանիքում ուր որ է չափահասության շեմը հատող երեխաները միասին են քնում՝ մահճակալների բացակայության պատճառով։

Ներսից ճիշտ հակառակ երանգն ունեցող սպիտակավուն պատերով տունը հողատարածքի մի փոքրիկ մասն է զբաղեցնում միայն: Այնպիսի տպավորություն է, որ ցածրիկ դարպասից ներս շունն այնքան մարդկանց է դիմավորում ամեն օր, որ արդեն ալարում է հաչել՝ չզգուշացնելով, որ հյուր ունեն տանտերերը։ Դռան մոտ մեզ դիմավորում է Վազգենը՝ 9 երեխաների հայրը։

Մարտունու շրջանի Շեխեր համայնքում են ապրում Սեւումյանները, տան անդամների թվաքանակով գյուղում առաջինն են։

Փոքրիկ հյուրասենյակում բազկաթոռ ու բազմոցներ են, սեղան, որի շուրջ հաստատ երեխաները չեն տեղավորվում, երբ ընտանիքով հավաքվում են հաց ուտելու:

Մեր այցելության պահին տանը փոքրերն էին՝ երեք աղջիկները։ Ամենափոքրի՝ Իրինայի մազերն էր սանրում բազմազավակ մայրը՝ Կարինեն, ով 1996թ․ Արցախ է տեղափոխվել Ուզբեկստանից, իսկ ամուսինը՝ Վազգենը, Բաքվից է եկել Շեխեր։

Սեւումյանների ընտանիքը ապրում էր գյուղի մեկ այլ տան, որն իրենց չէր պատկանում։ «Երբ ծնվեց մեր 6-րդ երեխան, այս տունը մեզ տվին։ 3 սենյակ է»,-ասում է Վազգենը։

2007թ․ ստացած տանը ծնվեցին եւս երեք երեխաներ, հիմա բնակտարածքը չի հերիքում, Վազգենի խոսքով, մահճակալ դնելու տեղ էլ չկա։

Միհարկանի տան պատերը խոնավությունից բորբոսնել են, տան անդամների խնամքն էլ անզոր է թացության ու բորբոսի դեմ։ Խոնավ սենյակներից մեկում տեղադրված է 4 մահճակալ, որտեղ քնում են երեխաները։

«Փոքրերը մեզ հետ են քնում․ ո՛չ մահճակալ կա, ո՛չ էլ մահճակալի տեղ»,-ասում է Վազգենը։

Քիչ անց տուն են մտնում Սեւումյան եղբայրները՝ Արթուրը, Ալեքսանդրը,Սլավիկը,Օլեգը, Գարիկը։ Խնամքով հագնված, կոկիկ, մաքուր, վարվռուն աչքերով երեխաները դպրոցից են գալիս։

Ուսումնական տարին սկսվեց պարտքերով։ «Երեխաների փողը ուշացրին, ստիպված սրանից-նրանից պարտքով գումար վերցրի, որ նոր հագուստ գնենք»,- պատմում է 9 երեխաների հայրը, նշելով, որ պարտքը հասավ 100 հազարի։

Պարտք անելու սովորություն չունեն, աշխատում են այնքան վերցնել, որ կարողանան վճարել դրա դիմաց։ Վճարում են երեխաների նպաստից, որ ամսական միասին կազմում է 105 հազար դրամ։

Վազգենը մշտական աշխատանք չունի, բայց պարապ էլ չի նստում։ Գյուղում հարգանքով ու սիրով են խոսում նրա մասին՝ պատասխանատու եւ նվիրված հայր է։

Կարինեն լռակյաց է, խոսակցության ընթացքում չխկչխկացնում է խոհանոցում, փորձում եղած-չեղածով հյուրասիրել իր տուն եկածներին։

Հյուրասենյակի մի մասում դրված երկհարկանի մահճակալի առաջին հարկը պահարան են դարձրել՝ եղած միակ պահարանում շորերը չեն տեղավորվում։

Փոքրիկները հենվել են արդեն փայտի կույտի վերածված պահարանին, որ ժամանակին ծառայում էր սպասք տեղավորելու համար։ Հյուրասենյակում բազմոցից, սեղանից ու տան անձկության պատճառով հյուրասենյակում հայտնված մահճակալից բացի ոչինչ չկա։ Իրենց տան հարստությունն ու շքեղությունը երեխաներն են։

Բարերարներ եղել են, առաջարկված երեք անհրաժեշտ իրերից՝ սառնարան, հեռուստացույց, համակարգիչ, ընտրել են ամենակարեւորը՝ սառնարանը։

Համակարգչի մասին խոսելիս Վազգենը զգուշանում է․ «Չգիտեմ՝ ավելի շատ կօգնի՞, թե՞ կխանգարի»։

Ալեքսն այս տարի ավարտում է դպրոցը, լավ է սովորում։ Արդեն հասնում է հոր բոյին, ով ցույց է տալիս Ալեքսի ննջարանը՝ խոնավությունից դժգունած պատերով։

«Ասում են օրենք չկա, որ 9 երեխային ավելի մեծ տուն հասնի»,-ասում է բազմոցին նստած Վազգենը՝ թեւերի տակ առած 9 երեխաներին։ Նրանք մի կադրում մի կերպ են տեղավորվում։


Մարիամ Սարգսյան

Հարցում

Ինչպիսի՞ն էր Ձեզ համար անցնող տարին:

Շատ լավ - 12.5%
Լավ - 21.9%
Բավարար - 15.6%
Վատ - 34.4%
Ոչնչով չի տարբերվել մյուս տարիներից - 15.6%
Դժվարանում եմ պատասխանել - 0%

Ընդամենը.: 32
Այս հարցման քվեարկությունն ավարտված է

Արխիվ

<< < Ապրիլ 2017 > >>
Երկ Երք Չոր Հնգ Ուր Շբթ Կիր
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30