Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

«Մենք կսարքենք մեր տունը, միայն խաղաղություն լինի»․Թալիշի բնակչուհի

 

Սարգսյանների ընտանիքին 2 տարի առաջ իրենց հայրենի գյուղում՝ Թալիշում ենք նկարահանել, այս օրերին նրանք Ստեփանակերտի «Երեւան» հյուրանոցում են ապաստանել։

«Ապրիլի 2-ի գիշերը ձայներից արթնացա, մտածեցի երկրաշարժ է, քիչ անց տղաս սենյակից դուրս եկավ , թե կրակում են շուտ հավաքվեք»,-փաստում է Անգին Սարգսյանը․ «Ամենքս մի էրեխու գրկեցինք ու վազեցինք գյուղապետարան»։

Տանը մնացին ընտանիքի ամենամեծ եւ ամենափոքր անդամները՝ 104 ամյա Հայկա տատն ու 6 ամսեկան Հակոբը։

«Ասի բա ստի պեն կլինի, ես ու որդիս նորից հետ գնացինք նրանց հետեւից»,-պատմում է Անգինը։
Ընտանիքին զինվորական մեքենայով հասցրին Մաղավուզ, հետո Քարվաճառ, ապրիլի 4-ից արդեն Ստեփանակերտում են։

« Գյուղից դուրս գալու ճանապարհին հարսիս կորցրինք՝ գրկին էլ թոռներիցս մեկը, միայն մի օր հետո հեռախոսազանգերով կարողացանք գտնել»,- ասում է նա։

Ապրիլի երեքին Անգինն ու որդին՝ Հայկը վերադարձան Թալիշ․ «Մտածում էինք մեր ամենօրյա Թալիշն է էլի, էս վարորդն էլ չասեց բա ու՞ր եք գնում, ինքն էլ մեր խելքին գյուղ տարավ մեզ»,-ասում են նրանք։
Ինչպես պատմում են գյուղի տներից շատերը քարուքանդ արված էին․ ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծությունից ու ներխուժումից հետո էին այցելել գյուղ։

«Բայց մեր տանը ձեռք չեն տվել, միայն ապակիներն էին փշրված, մի կով ու մի հորթ էին վիրավորվել։ Գնացել էինք կերակրելու անասուններին»,-ասում է Անգինն ու ավելացնում,- «միայն հասցրինք էրեխեքի վինետկաներն ու շորերը վերցնել, մեկ էլ նորից կրակեցին»։

104-ամյա Հայկա տատը երկու պատերազմի միջով է անցել եւ վերջին շաբաթվա մեջ ստիպված էր վերապրել պատեարազմի սարսափը։ Թալիշի ամենաավագ բնակչուհուն թոռը՝ Հայկը գրկած է հասցրել մինչեւ մեքենա։

Մյուս թոռը՝ Հասմիկը արդեն Ստեփանակերտում ժամանակին մատակարարում է տատի ցավազրկիչները՝կողերը ցավում են, ձեռքը վնասվել է ճանապարհին։

Հյուրանոցային սենյակում ուշադրության կենտրոնում է հեռուստացույցը՝․ «Տեսնենք մեր գյուղից ինչ են ասում»,- լուրի են սպասում թալիշցիները։

Անգինը չի կարողանում պատասխանել թե դեռ ինչքան պիտի մնան Ստեփանակերտում, մի բանում համոզված է՝ անպայման իր տուն պիտի վերադառնա։

«Ցելոֆան կկապեմ ջարդված ապակիների փոխարեն, ամեն ինչ կանեմ, բայց մեր 10 հոգանոց ընտանիքն իր տանը պիտի ապրի։ Մենք կսարքենք մեր տունը, միայն խաղաղություն լինի»,-ասում է նա։

1990-ական թվականներին, երբ բռնկվել էր պատերազմը եւ թալիշցիները ստիպված տեղահանվել էին Հասմիկը 6-րդ դասարանում էր։

«Արդեն երկրորդ անգամ եմ ապրում էս սարսափը, ու չգիտեմ ինչ է լինելու, եթե վերադառնանք տուն, նորի՞ց չի լինի պատերազմ»,-հարցնում է նա ՝չվստահելով հակառակորդին եւ չցանկանալով նորից ապրել իր տեսածը։

«Ղարաբաղցին փախչի՞ շենան, ամո՞թ չէ»,- խոսակցությանը միանում է 4 որդիների հայր Հայկը եւ միանշանակ ասում, որ հենց վաղն էլ գնալու է գյուղ՝ տեսնի ինչ վիճակում է հայրենի գյուղը։

Նարինեն՝ Սարգսյանների հարսը շտապում է քնից արթնացող փոքրիկ Հակոբի մոտ, ով արթնանալով ու հարազատներին տեսնելով անընդհատ ժպտում է, չպատկերացնելով անգամ, որ արթնացել է ոչ իր մանկական անկողնում, այլ տարհանվածներին հատկացրած հյուրանոցային սենյակում։

Ինչպես Karabakh-open.info-ին հայտնել են «Երեւան» հյուրանոցից իրենց մոտ 61 տարհանվածների ընտանիքներ կան Մարտակերտի շրջանի տարբեր գյուղերից։ Նրանք ապահովված են սննդով, կացարաններով եւ տարբեր կազմակերպություններից, կառավարությունից եւ անհատներից աջակցություն են ստնում։ Մեր հարցազրույցի ժամանակ էլ Սարգսյանների դպրոցահասակ մանկանց համար մի քանի պայուսակ խաղալիքներ ու ներկեր բերեցին, վառ ներկեր մռայլ իրականությունը գունավորելու համար։

Մարիամ Սարգսյան

Հարցում

Ինչպիսի՞ն էր Ձեզ համար անցնող տարին:

Շատ լավ - 12.5%
Լավ - 21.9%
Բավարար - 15.6%
Վատ - 34.4%
Ոչնչով չի տարբերվել մյուս տարիներից - 15.6%
Դժվարանում եմ պատասխանել - 0%

Ընդամենը.: 32
Այս հարցման քվեարկությունն ավարտված է

Արխիվ

<< < Ապրիլ 2017 > >>
Երկ Երք Չոր Հնգ Ուր Շբթ Կիր
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30