Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

Քառօրյա պատերազմի կրկնությունը հնարավոր է, քանի որ դրա պատճառները չչեզոքացվեցին. Վլադիմիր Եվսեև

 


Վատ է, երբ Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղը արցախյան հակամարտության բանակցային գործընթացում ներգրավելու առաջարկներից: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ նշելով, որ Ղարաբաղը 94-95 թթ.-ի հրադադարի մասին պայմանագրի ստորագրող կողմն է: Եվսեևն ասաց, որ ԼՂ շուրջ ձևավորված ներկայիս դրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ քառօրյա պատերազմի կրկնությունը հնարավոր է, որովհետև պատճառները, որոնք հանգեցրին ապրիլյան ողբերգության, այդպես էլ չչեզոքացվեցին, իսկ այն, ինչ ասվեց, պայմանավորվեցին՝ չիրականացվեց:

- Օրերս Միջազգային ճգնաժամային խումբը Լեռնային Ղարաբաղի մասին զեկույց էր հրապարակել, որտեղ ասված էր, որ եթե սկսվի ապրիլյան իրադարձությունների պես էսկալացիա, կօգտագործվեն մեծ հեռահարության «երկիր-երկիր» դասի հրթիռներ: Ինչո՞վ է, Ձեր կարծիքով, պայմանավորված նման ենթադրությունը:

- Կարծում եմ, որ նման անհանգստությունն արդարացված է, բայց այն գալիս է ոչ թե հայկական կողմից, այլ՝ ադրբեջանական, որովհետև քառօրյա պատերազմի ժամանակ վտանգ կար, որ «Սմերչից» Ստեփանակերտի վրա կրակ կբացվի ու դրանով սպառնում էր ոչ թե Հայաստանը, այլ՝ Ադրբեջանը:

Հասկանալի է, որ հայկական կողմը պետք է ադրբեջանական ագրեսիային որևէ պատասխան տա, դրա համար էլ ղարաբաղյան կողմում հրթիռային համակարգ տեղակայվեց: Իսկ հայկական կողմն այս առումով առավելություն ունի՝ Ադրբեջանի նավթային տարածքներից ցանկացածի վրա կարող է հարված հասցվել՝ որպես Ստեփանակերտին հարվածելու պատասխան: Սա հաշվի առնելով Ադրբեջանը նման քայլի չգնաց:

Վտանգը կա, բայց ոչ այն պատճառով, որ Հայաստանը որևէ մեկին սպառնում է, այլ որովհետև Ադրբեջանը սպառնում է Հայաստանին: Ու պետք է մտածել, որ չի կարելի, անթույլատրելի է հակամարտության գոտում կիրառել ծանր զրահատեխնիկա, «Սոլցեպյոկ», «Բուրատինո», բալիստիկ հրթիռներ, որոնք ադրբեջանական կողմը փորձ արեց օգտագործել: Սրանց կիրառումը կարող է լուրջ վնաս հասցնել խաղաղ բնակչությանը:

- Հետևանքները կրելու է միայն հայկական կողմի խաղաղ բնակչությո՞ւնը, թե՞ կլինեն գլոբալ հետևանքներ ևս:

- Հետևանքները տարբեր ծավալների են: Կարող է լինել շփման գոտում ապրող խաղաղ բնակչության կորուստ, բայց եթե օրինակ հարված լինի Ստեփանակերտին ու Հայաստանն էլ պատասխանի, կլինեն ավելի մեծ հետևանքներ, հակամարտությունը կծավալվի Թուրքիայի ու Ռուսաստանի սահմաններով, այսինքն՝ ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի:

- Քառօրյա պատերազմից հետո հարաբերական անդորր էր, ամեն դեպքում լայնամասշտաբ գործողություններ չկային: Այսօր արդեն Ադրբեջանը ուսումնական թռիչքներ է կատարում սահմանին: Ձեր կարծիքով սա հատուկ քաղաքականությո՞ւն է՝ էսկալացիան նվազեցնել, հետո մեծացնել, հետո նորից:

- Կարծում եմ՝ ավելի շատ հանգիստ կլինի, քան անհանգիստ: Որևէ մեկը չի կարող պատասխանատու լինել ադրբեջանական պրովոկացիայի համար: Իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանը բուն բանակցությունները սկսելու ձգտում է ցուցաբերում, բայց միաժամանակ հրաժարվում է ԼՂ-ն բանակցային գործընթացում ներգրավելու առաջարկներից: Իսկ սա սկզբունքորեն սխալ է, որովհետև Ղարաբաղը 94-95 թթ.-ի հրադադարի մասին պայմանագրի ստորագրող կողմն է: Դրա համար Ադրբեջանին պետք է ճշգրիտ ասել, որ եթե ուզում եք Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններ վերսկսել, հրավիրեք Ղարաբաղին, ու այդ ժամանակ հնարավոր կլինի ինչ-որ բանի մասին խոսել, զրուցել:

Մյուս կողմից հասկանալ է պետք, որ պետք է գործի դրվի միջադեպերի հետաքննական մեխանիզմը, ինչը Հայաստանի համար կարևոր է: Առանց այս մեխանիզմի ներդրման դժվար է խաղաղությունը կայուն պահել: Մենք գիտենք, թե կողմերից որ մեկն է խախտում հրադադարը, բայց չունենք ապացույց, որ կոպիտ ասած՝ ձեռքից բռնենք: Իսկ մեխանիզմների տեղադրման համար տեխնիկական սարքավորումներ են պետք, վերահսկողություն, որովհետև բանավոր խոսքն այստեղ զրոյական է, ոչ մեկ ոչ մեկին չի հավատա, պետք է վերահսկողության միջանկյալ մեխանիզմ, ինֆորմացիայի փոխանակման ռադիոլոկացիոն սարք կամ մեկ այլ նմանատիպ համակարգ:

- Պարոն Եվսեև, պայմանավորվածությունը հետաքննական մեխանիզմների տեղադրման շուրջ կայացվել էր դեռ Վիենայում, ապա վերահաստատվել Սանկտ Պետերբուրգում, բայց կյանքի այն այդպես էլ չկոչվեց: Ֆրանսիայում էլ շուտով հանդիպում կլինի: Կա՞ արդյոք նորից հանդիպելու կարիք, երբ անգամ պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում:

- Հանդիպելու կարիք միանշանակ կա: Հանդիպելն ավելի լավ է, քան պատերազմելը: Բայց ինձ դուր չի գալիս, որ հանդիպումներից առաջ Ադրբեջանն ամեն անգամ կրակ է բացում շփման գծի երկայնքով: Սա հանդիպման վատ սկիզբ է:

Ներկայիս դրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ քառօրյա պատերազմի կրկնությունը հնարավոր է: Ցավոք, պատճառները, որոնք հանգեցրին ապրիլյան ողբերգության, չչեզոքացրեցին, իսկ այն, ինչ ասվեց, չիրականացվեց: Դրա համար ես խորը կասկածով եմ մոտենում հակամարտության կարգավորման հնարավորությանը: Ռուսաստանը միայն մտածում է, թե ինչպես ստիպել Հայաստանին հինգ տարածքները հանձնել, բայց հարցն այսպես դրված չէ. չենք կարող դիմել սրան, երբ ԼՂ բնակչության անվտանգությունն ապահովված չէ: Ինչպե՞ս անել դա, երբ չկա փոխվստահություն, ես չգիտեմ: Դրա համար երկխոսելը պետք է, պարզապես դրա հետևում գործողություններ պիտի լինեն, որոնք կնվազեցնեն լարվածությունը, որ այն չվերաճի պատերազմի, իսկ լայնածավալ պատերազմը հնարավոր է:

- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը հաջողությանն ավելի մոտ են, քան երբևէ: Ձեր կարծիքով՝ ի՞նչ համաձայնության են եկել կողմերը, գուցե խոսքը հենց այն մասին է, որ ՌԴ-ն ստիպում է վերադարձնել 5 շրջանները, ինչպես ասացիք:

- Գիտեք, հավանաբար, որ Լավրովին վերագրվում է այսպես կոչված «լավրովյան պլան» հասկացողությունը, որը ենթադրում է, այո, 5 շրջանների վերադարձ՝ անվտանգության երաշխիքների դիմաց, բայց ես չեմ հասկանում, թե ով կարող է նման երաշխիքներ տալ: Չեմ պատկերացնում՝ ղարաբաղցիների համար բավարար կլինի՞, որ Ալիևը Սարգսյանին խոստում տա, որ նրանց անվտանգությունը կապահովվի, երբ տարածքները վերադարձվեն: Վստահ եմ, որ բավարար չի լինի:

Որպեսզի փոխզիջման գնաս, պետք է լարվածությունը նվազեցնես, ամրապնդես վստահության միջոցները, հետ քաշես զորքերը կամ գոնե ծանր տեխնիկան, բայց որևէ բան չի արվում: Ուստի հակամարտության լուծման տարբերակ, հնարավորություն ես դեռևս չեմ տեսնում: Ինձ համար համաձայնեցման քայլ կլիներ գոնե այն, որ կողմերը ընդհանուր հայտարարի գային չօգտագործելու վտանգավոր սպառազինություն, խաղաղ բնակիչների կյանքին սպառնացող զինտեխնիկա, այդ ժամանակ ես կասեի, որ կա առաջընթաց: Ես չեմ տեսնում որևէ պատճառ, որը պատրվակ, որ պատերազմը չվերսկսվի, սա է ամենամեծ խնդիրը: Համաձայնեք, հաջողությանը մոտենալ կարելի է անվերջ: Քայլեր է պետք ձեռնարկել, շոշափելի, առարկայական քայլեր:

 

 

Հարցում

Ինչպիսի՞ն էր Ձեզ համար անցնող տարին:

Շատ լավ - 12.5%
Լավ - 21.9%
Բավարար - 15.6%
Վատ - 34.4%
Ոչնչով չի տարբերվել մյուս տարիներից - 15.6%
Դժվարանում եմ պատասխանել - 0%

Ընդամենը.: 32
Այս հարցման քվեարկությունն ավարտված է

Արխիվ

<< < Սեպտեմբեր 2017 > >>
Երկ Երք Չոր Հնգ Ուր Շբթ Կիր
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30